Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Համ իշխանություն կլինեն, համ ընդդիմություն

Համ իշխանություն կլինեն, համ ընդդիմություն
16.10.2018 | 00:45

Խիստ տարօրինակ քաղաքական իրավիճակ է Հայաստանում։ Մի կողմ թողնենք դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին ով է կողմ, ով դեմ, ում ինչու է ձեռնտու շուտ կամ ուշ ընտրությունների անցկացումը, իրականում մենք գնում ենք մի ընտրության երբ, այսպես ասած, իրական սուբյեկտ չկա։ Խորհրդարանական երկրի խորհրդարանը լինելու է լիովին ապաքաղաքական մի մարմին, կուսակցություններ, որպես այդպիսիք, գրեթե չեն լինելու։ Մի կողմում վարկաբեկված նախկին կուսակցություններն են, որոնք խիստ ցածր վարկանիշով մի քանի տեղ հազիվ զբաղեցնեն խորհրդարանում, մյուս կողմում վիճակն ավելի ծանր է։ Չկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ինչպես նախկինում շատ կուսակցությունների պարագայում, այնպես էլ այսօր դա մարդ-կուսակցություն է, որովհետև հասարակության զգալի հատվածի վստահությունը մեկ անձով է պայմանավորված, մարդիկ Նիկոլ Փաշինյանին են ընտրում, ոչ թե նրա քաղաքական թիմը, իսկ նա հազիվ թե կարողանա մի ողջ խորհրդարան և կառավարություն համատեղ աշխատեցնել։ Պատկերացնենք, որ իշխող քաղաքական թիմից հանում ենք Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ կամ ո՞վ է մնում «տակը»։ Չկա երկրորդ սուբյեկտը, որին հանրությունը եթե ոչ այդքան շատ, գոնե որոշակի վստահության կարժանացնի։ Ավելին, անգամ հասարակության այն հատվածը, որը վստահում է Փաշինյանին, նրա կադրերի հարցում մեծ վերապահումներ ունի։


Եվ այսպես, ի՞նչ է ստացվում. մենք ունենալու ենք խորհրդարան, որտեղ որոշիչը ոչ թե կուսակցություններն են լինելու, այլ անհատները, որոնք որ պահին ցանկանան, կարող են նաև ընդդիմություն լինել իշխանության ներսում։ Սա անձամբ Երևանի քաղաքապետն է ասել, որ իրենց ներսում կան շատ ընդդիմադիրներ, և իրենց այլ ընդդիմություն հարկավոր էլ չէ։ Այսինքն, ԱԺ-ում անհասկանալի մի խառնուրդ ենք ունենալու, որտեղ չի հասկացվելու՝ ով ինչ քաղաքական հավատամք ու գաղափար ունի, ով ինչի համար է այնտեղ։ Այս առումով նախկինների փորձը հիշենք, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ իշխանության, այն է՝ ՀՀԿ-ի այլընտրանքն է, բոլորը դրան արդարացիորեն թերահավատությամբ վերաբերվեցին, հիմա, փաստորեն, «նոր» Հայաստանում էլ իշխանությունում ընդդիմություն աշխատողներ են լինելու։ Էլ չենք ասում, որ ԲՀԿ առաջնորդն էլ մի քանի անգամ Փաշինյանին վստահեցրեց. «Քո հետ եմ եղել, քո հետ էլ կլինեմ»։ Ասել է՝ երբ պետք է` ընդդիմություն կլինեն, երբ պետք չէ՝ իշխանություն։ Հայտնի մուլտֆիլմի՝ «Կիկոսի մահի» հանգույն. «Էդ ո՞վ է տեսել, որ թագավորին ասեն` քո ոտքով վեր կաց, գնա ջրի, բա մենք էստեղ ինչացու՞ ենք։ Համ կվազենք, համ կբերենք, համ էլ աղաչանք կանենք, թե` մեր տեր թագավորն ապրած կենա, խմիր»։
Մնում է հասկանալ՝ քաղաքական այսպիսի պաշարով Հայաստանը խորհրդարանական երկիր դարձրիք, որ ի՞նչ անենք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ